Հայաստանում իշխանությունները հիացած են տնտեսության տարօրինակ աճերով։ Վերջիններս հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով, այլ ոչ թե ներքին գործընթացներով։ Նույնիսկ Վրաստանի ընդդիմությունը ներվրացական քաղաքական բանավեճերում ներկայիս վրացական կառավարությունից պահանջում է ասել` ինչ է անում իշխանությունն այն պարագայում, երբ պատերազմող երկրում՝ Հայաստանում, արձանագրվում են երկնիշ աճեր։
Մյուս կարևոր հրճվանքը վերաբերում է հայկական այսպես կոչված «ժողովրդավարությանը», որի մասին խոսում է աշխարհը։ Այս ամենով հանդերձ` երկրում դեռևս չեն նկատվում էական փոփոխություններ, որոնք համակարգային շրջադարձեր կապահովեն տարբեր ոլորտներում։ Նույնիսկ ավելին, երկիրը 44- օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո մտել է տարածաշրջանային գերտերությունների խաղերի բարդագույն փուլ։ Այս բոլոր հիմնարար խնդիրները թողած զբաղված ենք տարբեր օրենքներ ընդունելով, որոնց շարժառիթը և հետևանքները խիստ կասկածելի են թվում։
Օրինակ, իշխանությունները որոշել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգ ստեղծել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա։ Արդյո՞ք առավել կարևոր խնդիրներ չունենք լուծելու։
Վերադառնալով իշխանությունների առաջադրած օրենքին` պետք է փաստենք, որ բնակչության եկամուտների համատարած հայտարարագրման փորձ ունեն երեք երկիր՝ Շվեդիան, Նորվեգիան և Կանադան։
Այս երկրներում մեկ շնչի հաշվով եկամուտների մակարդակն էականորեն գերազանցվում է Հայաստանի նմանատիպ ցուցանիշին, բացի այդ, երկրում առկա է բարձր մակարդակի կառավարման և բիզնես միջավայր․
Գծապատկեր 1․ Կառավարման և բիզնես միջավայրը նկարագրող մի շարք ցուցանիշների մակարդակը Շվեդիայում, Նորվեգիայում և Կանադայում 2021 թ․-ին
Վերը բերված բոլոր ցուցանիշները տատանվում են [-2,5; 2,5] միջակայքում։ Որքան փաստացի ցուցանիշը մոտ է 2,5-ին, այնքան իրավիճակը դրականորեն է զարգանում տրված ուղղությամբ։ Նկատենք, որ պետական կառավարման որակը Շվեդիայում, Նորվեգիայում և Կանադայում կազմել են համապատասխանաբար 1,75, 1,64 և 1,62։ Երկրներում առկա են օրենքի գերակայության լուրջ հիմքեր, իսկ քաղաքական կայունությունը բարձր է։
Նայենք իրավիճակը Հայաստանում․
Գծապատկեր 2․ Կառավարման և բիզնես միջավայրը նկարագրող մի շարք ցուցանիշների մակարդակը Հայաստանում 2021 թ․-ին
Հայաստանը համեմատել վերոնշյալ երեք երկրների հետ պարզապես անիմաստ է։
2021 թ․-ին պետական կառավարման որակն արձանագրել է ընդամենը 0,15, օրենքի գերակայությունը՝ -0,1, կառավարության արդյունավետությունը՝ -0,25։
Այսպիսով, մեր կարծիքով ֆիզիկական անձանց եկամուտների մեջ «քիթը խոթելուց» առաջ, միգուցե ժամանակն է մտածել արմատական փոփոխությունների մասին։ Մասնավորապես, Հայաստանում ապահովել եկամուտների շվեդական, նորվեգական և կանադական որակ, իսկ կառավարման և բիզնես միջավայրի մի շարք ցուցանիշներով ապահովել բարձր արդյունքներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում