Բազմաբնակարան շենքերի սեփականատերերից պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով հավաքագրելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն: Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ Ազգային ժողովի կողմից ընդունվել է և նոյեմբերի 24-ից ուժի մեջ կմտնի ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքը:
Այսպիսով՝ բազմաբնակարան յուրաքանչյուր շենքի համար բանկային առանձին հաշիվ չբացելու դեպքում շենքի կառավարման մարմնի նկատմամբ կնշանակվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ արարքի՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացում կրկնվելու դեպքում կնշանակվի տուգանք յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
Վարչական պատասխանատվության նախատեսումը նպատակ ունի բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատելաոճի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաև պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ սեփականատերերի կողմից վճարներն անկանխիկ եղանակով կատարելու և այդ նպատակով բանկային առանձին հաշվի բացման հետ կապված դրույթներն ամրագրվել են դեռևս 2020 թվականին «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններով և լրացումներով:
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն՝ այս դեպքերով տույժ նշանակելու իրավունք ունեն համայնքի ղեկավարները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում