Կարծես իրապես Հայաստանը որոշել է իր ուրույն տեղը զբաղեցնել տիեզերքը նվաճող երկրների շարքում։ Եվ այս հարցում մեզ օգնության են գալու հայերի յուրօրինակ ընդունակությունները, դժվարությունները հաղթահարելու համարձակությունը, ինչպես նաև մեր հետևում թաքնված հազարամյա պատմական փորձառությունը։ Մեր ներքին պոտենցյալից զատ՝ կարևոր դերակատարում են ունենալու մեզ բարեկամ ժողովուրդները՝ օրինակ` հնդիկները։ Վերջիններս ունեն չափազանց բազմազան և հարուստ պատմություն և այսօր էլ այս դժվարին ժամանակներում կանգնած են հայերի կողքին։
Պարզվում է՝ հնդկական «Satish Dhawan»-ի տիեզերական կենտրոնից «SkyRoot Aerospace» մասնավոր ընկերության «Vikram-S» հրթիռի միջոցով տիեզերք է ուղարկվել հայկական դրոշը կրող օգտակար բեռը։ Վերջինս իրենից ներկայացնում է 197 գրամ քաշով սարքավորում, որը, տիեզերքում մնալով մի քանի րոպե, կարողացել է հավաքագրել տեղեկատվություն թռիչքի հետագծի, հթրիռի արագության, օզոնի կոնցետրացիայի և այլնի մասին։
Սակայն այս պատմության մեջ հետաքրքիրը հայկական կողմի մասնակցությունը չէ հնդկական հրթիռի թռիչքին և ոչ էլ տիեզերք բեռ ուղարկելը, այլ այն, որ ուղարկված սարքը ստեղծվել է «Այբ» դպրոցը ներկայացնող «Ad Astra» թիմի կողմից։ Այս խումբը ընտրվել է «Բազումք» և «HyeTech» ընկերության համատեղ նախաձեռնած «Ալեքսանդր Քեմուջյանի» անունը կրող համաերիտասարդական մրցույթում։
Իրապես ուրախալի նորություն է, որ Հայաստանում բնակվում են այսքան շնորհալի դպրոցականներ, ովքեր մեր պետության ապագա հաղթանակների հիմնաքարն են։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում